Արտադրանքի սերտիֆիկացման և լաբորատոր փորձարկումների վճարների փոխհատուցման ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու է համարվում պետական ռեգիստրում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունը կամ ԱՁ-ն (բացառությամբ դիմում-հայտը ներկայացնելու կամ նախորդող օրացուցային տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների), որը՝
ա. դիմում-հայտի ներկայացման տարվա և նախորդող տարվա ընթացքում, իսկ տվյալ տարվա ընթացքում գրանցված (հաշվառված) լինելու դեպքում՝ միայն տվյալ տարվա ընթացքում հանդիսանում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացրած հարկ վճարող, ինչպես նաև ընթացիկ տարում պետական գրանցում (հաշվառում) ստացած կամ գործունեությունը վերսկսած տնտեսավարող.
բ. ծրագրով սահմանված դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում իր նկատմամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում, և հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ․
գ․ չի գտնվում սնանկության կամ լուծարման գործընթացում.
դ․ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող և ընթացիկ տարվա, իսկ տվյալ տարվա ընթացքում գրանցված (հաշվառված) լինելու դեպքում՝  միայն տվյալ տարվա, ավարտված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով ու շրջանառության հարկի հաշվարկներով գործունեության առնվազն 80%-ը ձևավորել և իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «A (ԷՅ)» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում, «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնի դասերում ներառված գործունեություն (բացառությամբ՝ 18 և 33 հատվածների):

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակն է արտաքին շուկաների որակական ու քանակական պահանջներին բավարարող հայկական արտադրանքի մրցունակության բարձրացումը:  Ծրագրի շրջանակներում փոխհատուցման ենթակա ծախսերը ներառում են`
1) փորձարկման դրական արդյունքներ պարունակող արձանագրության տրամադրման համար կատարված ծախսերը.
2) սերտիֆիկատի տրամադրման համար սերտիֆիկացման սխեմայով (մոդուլով) նախատեսված գործընթացների իրականացման համար կատարված ծախսերը։ Ծրագրով նախատեսվում է փոխհատուցել շահառուի՝
1) սերտիֆիկատի տրամադրման համար կատարված ծախսը՝ սերտիֆիկատի տրամադրման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 100 000 դրամ.
2) մեկ տեսակի արտադրանքի լաբորատոր փորձարկման համար կատարված ծախսը՝ յուրաքանչյուր ցուցանիշի համար արժեքի 50 %-ը, բայց ոչ ավելի, քան 50 000 դրամ:

https://www.arlis.am/hy/acts/207957

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Մեկ շահառուի համար մեկ տարվա ընթացքում արտահանված արտադրանքի համար տրամադրվող աջակցությունը չի կարող գերազանցել 5.000.000 դրամ չափաքանակը: