Վահագն Համբարձումյան I Vahagn Hambardzumyan

Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյան
09.04.2019թ․ - Հանդիպում Շիրակի մարզի տնտեսվարող սուբյեկտների հետ

Ծրագրեր

Ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ հաշվապահների հետ և համագործակցության շրջանակներում իրականացնում է մի շարք ծրագրեր.

  • հաշվապահական և հարկային հաշվառման իրավական ակտերի նախագծերի մշակում,
  • Ասոցիացիայի անդամներին իրավական ակտերով և մասնագիտական գրականությամբ ապահովում,
  • հաշվապահների վերապատրաստման և ուսուցման դասընթացների կազմակերպում և անցկացում,
  • մասնագիտական թերթերի, տեղեկատվական թերթիկների, ամսագրերի և գրքերի հրատարակում,
  • հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև դրանց հետ առնչվող բնագավառներում հետազոտական աշխատանքների իրականացում,
  • Ասոցիացիայի կանոնադրական գործունեության սահմաններում իր անդամների համար իրավական, կազմակերպչական և այլ բնույթի խորհրդատվական գործառույթների իրականացում,
  • հաշվապահական և հարկային հաշվառման ծառայություններ մատուցողների աշխատանքային փորձի համակարգում, վերլուծում, ընդհանրացում և տարածում,
  • միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հաշվապահական և հարկային հաշվառման ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ փորձի փոխանակման և գործնական շփումների նպատակով համագործակցություն,
  • Ասոցիացիայի կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված այլ աշխատանքների իրականացում։
ՄԿՈՒ ԶԱԿ I National Centre for Vocational Education and Training Development - “Strengthening Stability of Border Communities of Vayots Dzor, Gegharkunik, and Syunik Regions” UNDP

ՄԿՈՒ ԶԱԿ - «Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների կայունության ամրապնդում» ՄԱԶԾ

«Վայոց ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանամերձ համայնքների կայունության ամրապնդում» ՄԱԶԾ ծրագիրն ուղղված է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի մարտահրավերներին, տարածաշրջանային աշխատաշուկայի պահանջարկին արձագանքելուն: Ծրագրում ընդգրկված երեք սահմանամերձ մարզերի գործատուների պահանջներին համապատասխան աշխատուժ ձևավորելու համար Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի կողմից վերանայվել է միջին մասնագիտական կրթության 0411.01.5 Հաշվապահական հաշվառում մասնագիտության 0411.01.01.5 Հաշվապահ որակավորման պետական կրթական չափորոշիչը, մասնագիտության նկարագիրը, գնահատման չափանիշները, մոդուլային ծրագիրը և ուսումնական պլանը։ 

ԵՄ - «Կառուցողական երկխոսության հանձնառություն»

Եվրոպական միություն - «Կառուցողական երկխոսության հանձնառություն»

Համագործակցության շրջանակներում Ասոցիացիան իրականացրել է «ՀՀ հարկման այլընտրանքային համակարգերի մոնիթորինգ և բարելավում» ծրագիրը, որի նպատակն էր հանրային քաղաքականության մոնիթորինգի և բարելավման ծրագրի միջոցով բացահայտել ՀՀ հարկային քաղաքականության ոլորտում հարկման այլընտրանքային համակարգերի խնդիրները և առաջարկել դրանց լուծման համար համապատասխան առաջարկությունների փաթեթ: Ծրագիրն իրականացրել է «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ իրականացվող կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհների շրջանակներում: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը ֆիանսավորվել է Եվրոպական միության կողմից:

USAID

USAID – Հարկային բարեփոխումների ծրագիր - Հարկ վճարողի ուղեցույց

Հարկ վճարողներն ու հաշվապահները իրենց գործունեության ընթացքում շփվում են բազմաբնույթ տնտեսական կանոնների և կարգավորումների հետ, որոնց իմացությունն ու գործնական ճիշտ կիրառումը բիզնեսի հաջողության գրավականներից են։ Նրանց օրենսդրական իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով էլ հրատարակվել է Հարկ վճարողի ուղեցույցը ։ Քանի որ իրավական ակտերի դրույթներն առավել մատչելի և դյուրին են ընկալվում հարցադրման մեթոդով շարահյուսված, որոշվեց ուղեցույցում ընդգրկել ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերից քաղված, գործնականում հաճախ կիրառվող դրույթներ` հարց ու պատասխանի տեսքով։ Ուղեցույցը մշակելիս հեղինակները զերծ են մնացել անձնական կարծիքներից և սուբյեկտիվ մեկնաբանություններից` բոլոր պատասխանները հղում անելով իրավական ակտերի հոդվածների մասերին և (կամ) կետերին։ Պատասխանների հղումներն արվել են իրավական ակտերի 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ գործող դրույթներին։ Առանձին գլուխներով ընթերցողին են ներկայացվում ձեռնարկատիրական իրավունքի, աշխատանքային հարաբերությունների, հաշվապահական և հարկային հաշվառման կիրառական մոտեցումները` ըստ առավել հաճախ գործածվող իրավական ակտերի դրույթների։ Ուղեցույցը կիրառելի է ինչպես հաշվապահական հաշվառման և ֆինանսների ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ ուսանողների, մագիստրոսների և տնտեսագետների համար։ Ուղեցույցը մշակվել է «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ` Ասիական զարգացման բանկի (ADB) և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ՝ USAID-ի Հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակներում։