Պատմություն
Հաշվապահության մասին մեզ տեղեկություններ են հասել դեռևս մ․թ․ա․ 4-րդ դարից։ Սկզբնական շրջանում հաշվառումը իրականացվել է հաշվետախտակների վրա` կետերի ու գծիկների միջոցով: Հին դարերում մարդիկ վարում էին ունեցվածքի պարզ հաշվառում՝ այն ֆիզիկական միավորներով, որոնցով արտահայտվում էր այս կամ այն գույքը։ Օրինակ, ցորենի տեսքով հավաքագրվող հարկերը հաշվառվում էին քաշով, հողատարածությունները՝ մակերեսի չափման միավորներով և այլն։ Հին եգիպտացիները իրենց հաշվառումը վարում էին պապիրուսի վրա` կարմիր ու սև ներկերով: Նրանց հաշվառման հիմնական եղանակը գույքագրումն էր, որը մ.թ.ա. 3400 - 2980 թվականներին կատարվում էր երկու տարին մեկ անգամ` երկրի` փարավոնին պատկանող ամբողջ շարժական ու անշարժ ունեցվածքը հաշվելու նպատակով: Այս իմաստով, Հին Եգիպտոսը կարելի է համարել գույքագրման ծագման հայրենիքը: Հետագայում հաշվառումը զարգանում է Հին Հռոմում: Այստեղ պետությունը հաշվառման միջոցով վերահսկում էր շինարարական ծախսերը: Հաշվառման արդյունքների հիման վրա կազմվում էին հաշվետվություններ և ուղարկվում Հռոմ, որտեղ գործում էր այդ հաշվետվությունները լսողների (քննողների) ինստիտուտ: Լսել` аudiere, բառից էլ առաջացել է «աուդիտոր» բառը: Բաբելոնում աշխատանքների ղեկավարները նույնպես կազմում էին հաշվետվություններ, որոնք ստուգվում էին համաձայն կատարված աշխատանքների կարգագրերի: Հատկանշական է, որ հսկողությունը տարածվում էր արտադրանքի թողարկման համար ծախսվող հումքի և նյութերի վրա: Պահպանվել են հաշվետվություններ Բաբելոնում մանածագործական արհեստանոցների աշխատանքների վերաբերյալ:
Բաբելոնը առաջին պետությունն էր, որտեղ առաջացավ հատուկ օրենսդրություն: Համմուրաբիի օրենքները նախատեսում էին, որ առևտրականները պետք է վարեն ինքնուրույն հաշվառում, տաճարները` պետական հաշվետարություն, իսկ դրամի հանձնումը առանց ստացականի համարվում էր չեղյալ: Հետևաբար, հաշվառման օրենսդրական կարգավորումը նպատակ ուներ հսկողություն իրականացնել տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ` հարկերի` ժամանակին և ամբողջությամբ վճարելու համար: Ակնհայտ է, որ դա չէր կարող լիարժեք պատկերացում տալ տնտեսության վիճակի, առավել ևս՝ եկամուտների մասին։ Մարդկության զարգացմանը զուգընթաց կտարելագործվում էր նաև հաշվապահական հաշվառումը։
Ժամանակակից հաշվապահության հիմքը դրել են Վերածննդի դարաշրջանի իտալացի վաճառականները, իսկ 1494թ․ այն կատարելագործել է գիտնական, մաթեմատիկոս Ֆրա Լուկա Բարտոլոմեո դե Պաչոլին, որը հանճարեղ Լեոնարդո դա Վինչիի բարեկամն էր։ Պաչոլին մշակեց այսպես կոչված կրկնակի գրանցման համակարգը, որը դարձավ հաշվապահության հիմնարար սկզբունքը և որից արդեն գրեթե 6 դար օգտվում են հաշվապահներն ամբողջ աշխարհում։
Կրկնակի գրանցումը դարձավ հաշվապահական հաշվառման անբաժանելի մասը, իսկ հաշվապահական հաշիվների գաղափարի կիրառումը հնարավորություն տվեց գրանցել և վերահսկել տնտեսության բոլոր միջոցները, դրանց գոյացման աղբյուրները, ինչպես նաև տեղի ունեցած տնտեսական իրադարձությունները։
Որոշ գիտնականներ հակված են այն մտքին, որ կրկնակի գրանցման գաղափարը ծագել է շատ ավելի վաղ։ Սակայն Պաչոլիի աշխատությունը համարվում է կրկնակի գրանցման մասին առաջին հրատարակված գիրքը, որը խթան հանդիսացավ հաշվապահական հաշվառման նոր համակարգի զարգացման համար: