Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի մասին

Պատմություն

Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հիմնադրվել է 2014թ. նոյեմբերի 10-ին՝ Հայաստանում գործող մի քանի տասնյակ հաշվապահական հաշվառման գրասենյակների ներկայացուցիչների նախաձեռնությամբ: Այն հասարակական կառույց է, որը որդեգրելով «Կրթություն, որակավորում, վերահսկողություն» կարգախոսը, իր առջև նպատակ է դրել հաշվապահների մասնագիտական-սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի զարգացմանը, որն իր հերթին կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը, երկրի տնտեսության և քաղաքացիական հասարակության զարգացմանը: Ասոցիացիայի հիմնական խնդիրներից մեկը հանրապետությունում հաշվապահների միջոցով ոլորտի գերակա խնդիրների վերհանումն է, ներկայացումը համապատասխան մարմիններին և գործակցությունը դրանց լուծման ուղղությամբ: Առաքելության իրագործման նպատակով Ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ հաշվապահների և հաշվապահական գրասենյակների հետ, կազմակերպում և անցկացնում է ուսուցման և վերապատրաստման (ՇՄԶ) դասընթացներ, իրականացնում է օրենսդրական իրազեկումներ և խորհրդատվություն, կազմակերպում է թիմակառուցման բազմազան միջոցառումներ, տրամադրում և սպասարկում է հաշվապահական և հարկային հաշվառման, մարդկային ռեսուրսների կառավարման (HR) և հաճախորդների սպասարկման (CRM) համակարգերի ավտոմատացման ծրագրեր:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան
այժմ ակտիվորեն համագործակցում է Հայաստանում գործող 42 հաշվապահական գրասենյակների հետ, որոնք սպասարկում են ավելի քան 13.000 հարկ վճարողների։ Ընդգրկված լինելով մի շարք պետական մարմինների և հասարակական խորհուրդների կազմում՝ Ասոցիացիան, իր անդամ հաշվապահների իրավակիրառ պրակտիկայում հանդիպած խնդիրները հավաքագրելով և դրանք վերլուծելով, առաջարկներ է ներկայացնում համապատասխան քաղաքականություն և վարչարարություն մշակող պետական մարմիններ, Ազգային ժողով և հետևողական գործունեության արդյունքում բարելավում է գործարար միջավայրի օրենսդրական դաշտը։

Ասոցիացիայի նպատակներն են` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով`

  • աջակցել ՀՀ-ում հաշվապահական և հարկային հաշվառման համակարգի և գործունեության զարգացմանը,
  • ՀՀ հաշվապահների մասնագիտական – սոցիալական պատասխանատվության բարձրացմամբ նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը, այդ թվում՝ պետություն – մասնավոր գործընկերության զարգացմանը,
  • պետական, միջազգային և այլ կազմակերպություններում ստեղծված խորհուրդներում, հանձնաժողովներում և այլ մարմիններում ոլորտի տնտեսվարողներին վերաբերվող իրավական ակտերի, փաստաթղթաշրջանառությանը կամ այլ նմանատիպ հարցերի հետ առնչվող հանրային քննարկումներին ցուցաբերել ներկայացուցչական մասնակցություն և նպաստել հասարակության շահերի պաշտպանմանը,
  • օժանդակել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) ներդրման,
  • օժանդակել ՀՀ կառավարության կողմից հարկային հատուկ հաշվառման կանոնակարգերի մշակմանը և ներդրմանը,
  • նպաստել համապատասխան (մասնագիտական) միջազգային կազմակերպությունների և բնագավառի օտարերկրյա ու տեղական մասնագետների կողմից Ասոցիացիայի կրթական ճանաչմանը,
  • աջակցել Ասոցիացիայի անդամների մասնագիտական հմտության և փորձառության ձեռքբերմանը,
  • աջակցել Ասոցիացիայի անդամների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը։

Ասոցիացիայի գործունեության առարկան է՝ օրենքով սահմանված կարգով՝

  • մասնակցությունը հաշվապահական և հարկային հաշվառման իրավական ակտերի նախագծերի մշակմանը,
  • Ասոցիացիայի անդամներին ՀՀ-ի իրավական ակտերով և մասնագիտական գրականությամբ ապահովումը,
  • հաշվապահների վերապատրաստման և ուսուցման դասընթացների կազմակերպումը և անցկացումը,
  • մասնագիտական թերթերի, տեղեկատվական թերթիկների, ամսագրերի և գրքերի հրատարակումը,
  • հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև դրանց հետ առնչվող բնագավառներում հետազոտական աշխատանքների իրականացումը,
  • Ասոցիացիայի կանոնադրական գործունեության սահմաններում իր անդամների համար իրավական, կազմակերպչական և այլ բնույթի խորհրդատվական գործառույթների իրականացումը,
  • հաշվապահական և հարկային հաշվառման ծառայություններ մատուցողների աշխատանքային փորձի համակարգումը, վերլուծումը, ընդհանրացումը և տարածումը,
  • միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա հաշվապահական և հարկային հաշվառման ծառայություն մատուցող կազմակերպությունների հետ փորձի փոխանակման և գործնական շփումների նպատակով գործակցությունը,
  • Ասոցիացիայի կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված այլ աշխատանքների իրականացումը։

Ասոցիացիայի որդեգրած հիմնական արժեքներն են`

  • Ազնվություն
  • Օբյեկտիվություն
  • Հուսալիություն
  • Պատասխանատվություն
  • Թափանցիկություն
  • Գաղտնապահություն
  • Արհեստավարժություն
  • Նորարարություն