Համաժողովներ

Ասոցիացիայի կառավարման մարմիններն են համաժողովը և խորհուրդը, իսկ գործադիր մարմինն է Ասոցիացիայի նախագահը։ Ասոցիացիայի բարձրագույն մարմինը նրա անդամների (պատվիրակների) համաժողովն է, որն ունի Ասոցիացիայի գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք։ Ասոցիացիայի հերթական համաժողովը հրավիրվում է 4 (չորս) տարին մեկ անգամ, Ասոցիացիայի կանոնադրությամբ նախատեսված կարգով, խորհրդի կողմից, մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից։ Համաժողովի անցկացման և Խորհրդի կողմից սահմանված համամասնությամբ Կազմակերպության անդամներից ընտրված պատվիրակների՝ համաժողովին մասնակցության կարգերը սահմանվում են Խորհրդի կողմից: Ասոցիացիայի հերթական համաժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին անդամներին, անդամության թեկնածուներին ծանուցվում է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ այլ պատշաճ եղանակով, սակայն ոչ ուշ, քան համաժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ: Ասոցիացիայի արտահերթ համաժողով հրավիրվում է անդամների մեկ երրորդի, Ասոցիացիայի նախագահի կամ վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ քան հինգ օրվա ընթացքում: Արտահերթ համաժողովի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական համաժողովի հրավիրման համար նախատեսված եղանակով` համաժողովի անցկացման օրվանից առնվազն հինգ օր առաջ:
Համաժողովի բացառիկ իրավասությունն է`

  • կատարել Ասոցիացիայի կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ հաստատել կանոնադրությունը,
  • ստեղծել այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունել այլ կազմակերպությունում Ասոցիացիայի մասնակցության մասին,
  • հաստատել Ասոցիացիայի կառուցվածքը,
  • որոշումներ ընդունել Ասոցիացիայի խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) ընտրության կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին,
  • ընտրել Ասոցիացիայի աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), եթե Ասոցիացիան օրենքով պահանջի համաձայն ենթակա է պարտադիր աուդիտի,
  • հաստատել Ասոցիացիայի ռազմավարությունը,
  • առնվազն չորս տարին մեկ հաստատել Նախագահի կողմից համաժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Ասոցիացիայի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները,
  • դադարեցնել Ասոցիացիայի մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը,
  • ընդունել որոշում Ասոցիացիայի վերակազմակերպման մասին,
  • ընդունել որոշում Ասոցիացիայի լուծարման մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարման դեպքերի,
  • իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 24-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության 35-րդ հերթական համաժողովը։
Բացման խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը՝ ներկայացնելով նիստի օրակարգային հարցերը․

  • Ասոցիացիայի 2022-2025թթ. գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունների հաստատում,
  • Ասոցիացիայի վերստուգիչի ընտրություն,
  • Ասոցիացիայի Խորհրդի նոր կազմի ընտրություն։

Համաժողովը կայացավ պատվիրակների մասնակցությամբ և համարվեց իրավազոր․ 134 պատվիրակից ներկա էին 119-ը, ովքեր բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգի բոլոր հարցերին։
Այնուհետև Ասոցիացիայի Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը անդրադարձավ օրակարգային հարցերին։
Համաժողովի վերջին հատվածում կազմակերպեց քննարկում, մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացրին առաջարկներ, ստացան պարզաբանումներ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության համար։

24.10.2026

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԵՍՈՒՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հուլիսի 25-ին Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության 34-րդ արտահերթ համաժողովը, որին մասնակցում էին Ասոցիացիայի 119 անդամներ։
Մինչ համաժողովի օրակարգային հարցերին անցնելը, Ասոցիացիայի հիմնադիր, Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց Ասոցիացիայի անդամ Հովհաննես Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ, ապա ողջունեց Ասոցիացիային նոր անդամագրված անդամներին։
Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ներկայացրեց համաժողովի օրակարգային հարցերը.

  1. 2026-2030 թվականների ռազմավարական ուղղությունների քննարկում,
  2. Խնդիրների բարձրաձայնում և առաջարկների ներկայացում։

Համաժողովը կայացավ պատվիրակների մասնակցությամբ և համարվեց իրավազոր։ Ներկայացված օրակարգային բոլոր հարցերը բաց քվեարկությամբ ընդունվեցին միաձայն։
Համաժողովի առաջին հատվածում Ասոցիացիայի անդամները քննարկեցին կազմակերպության առաջիկա տարիների զարգացման ռազմավարական ուղղությունները, ներկայացրին իրենց առաջարկներն ու բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրները։
Համաժողովի երկրորդ հատվածում Վահագն Համբարձումյանը անցկացրեց «Կորպորատիվ կառավարում» խորագրով հերթական սեմինարը` միտված Ասոցիացիայի անդամների մասնագիտական, կառավարման և հաղորդակցման հմտությունների զարգացմանը։
Այնուհետև տեղի ունեցավ օրենսդրական փոփոխություններին նվիրված քննարկում, որի ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, կարծիքներ փոխանակեցին և ստացան մասնագիտական պարզաբանումներ։
Համաժողովի ավարտին «Տոչ Մաստեր» ՍՊԸ-ի (Touch Master) տնօրեն Տիգրան Մարտիրոսյանը և ընկերության վերլուծական բաժնի ղեկավար Լաերտ Թորոսյանը ներկայացրին ՀԴՄ սարքերի նոր լուծումներն ու հնարավորությունները՝ անդրադառնալով դրանց կիրառման առանձնահատկություններին և առավելություններին, ինչպես նաև պատասխանեցին մասնակիցների հարցերին։
Շնորհակալություն ենք հայտնում համաժողովի բոլոր մասնակիցներին ակտիվ մասնակցության, կառուցողական քննարկումների և արժեքավոր առաջարկների համար, ինչպես նաև մեր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։

25.07.2026

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Ապրիլի 25-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության 33-րդ արտահերթ համաժողովը։
Մինչ համաժողովի օրակարգային հարցերին անցնելը, Ասոցիացիայի Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց Եղվարդ քաղաքում գործող, Ասոցիացիայի անդամ «Թիմ ՎԻ - ԷՍ - ՎԻ» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի աշխատակից Օնիկ Վիրաբյանին` որդու լույս աշխարհ գալու կապակցությամբ։
Բացման խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը՝ ներկայացնելով նիստի օրակարգային հարցերը․

  • Ասոցիացիայի Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում,
  • Խորհրդի կազմում երեք նոր անդամների ընտրություն,
  • 2026-2030թթ. ռազմավարական հարցերի քննարկում,
  • Խնդիրների բարձրաձայնում և առաջարկների ներկայացում։

Համաժողովը կայացավ պատվիրակների մասնակցությամբ և համարվեց իրավազոր․ 115 պատվիրակից ներկա էին 106-ը, որոնք բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգի բոլոր հարցերին։
Հայաստանի հաշվապահների ասոցիացիան իր գործընկերների և գործընկերների հաճախորդների բիզնեսին առնչվող հարակից ծառայությունների և այլ պրոդուկտների տրամադրման հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով համաժողովի վերջին հատվածում կազմակերպեց քննարկում, որի հյուրերն էին «Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ-ի (PK&PARTNERS) ներկայցուցիչներ Գևորգ Պողոսյանը և Լյուսյա Մարգարյանը, «ՋԻԷԼԹԻ Սոլյուշնս» ՓԲԸ-ի (GLT Solutions) տնօրեն Սուրեն Ղալումյանը, ինչպես նաև «ԲԱՐԿՈԴ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի (Haysell) ներկայացուցիչներ Սերգեյ Մարգարյանը, Սմբատ Մարգարյանը և Իննա Վարպետյանը։
Քննարկումները անցան ակտիվ մթնոլորտում, մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը և ներկայացրին առաջարկներ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության համար և մեր գործընկերներին՝ շարունակական համագործակցության համար։

27.04.2026

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԵՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Մարտի 11-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության երեսուներկուերորդ արտահերթ համաժողովը, որի օրակարգային հարցն էր.

  • Ասոցիացիայի Խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցում։

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները (թվով 390, որից 29-ը` առկա, 361-ը` հեռավար) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներկայացված հարցին։

11.03.2026

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԵՍՈՒՆՄԵԿԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հունվարի 24-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության երեսունմեկերորդ արտահերթ համաժողովը։
Մինչ համաժողովի օրակարգային հարցերին անցնելը Ասոցիացիայի Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը Ասոցիացիայի անունից շնորհավորեց Սիսիան քաղաքում գործող «Սիրիուս Լայթ» Հաշվապահական Կենտրոնի տնօրեն Լարիսա Մանասյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ։
Այնուհետև Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ներկայացրեց համաժողովի օրակարգային հարցերը.

  1. 2026-2030թթ. ռազմավարական հարցերի քննարկում.
  2. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում.
  3. Խորհրդի կազմում նոր անդամի ընտրություն.
  4. Խնդիրների և առաջարկների քննարկում։

Համաժողովը կայացավ պատվիրակների միջոցով։
Համաժողովն իրավազոր էր, որի պատվիրակները (թվով 115, որից ներկա` 108) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներառված հարցերին։
Համաժողովի երկրորդ հատվածում կազմակերպվեց ակտիվ հարցուպատասխան, որի ընթացքում Ասոցիացիայի անդամները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին ակտիվ մասնակցության համար։

24.01.2026

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԵՍՈՒՆԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հոկտեմբերի 25-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության երեսուներորդ արտահերթ համաժողովը։
Բացման խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և ներկայացրեց համաժողովի օրակարգային հարցերը.
1. 2026-2030թթ. ռազմավարական հարցերի քննարկում,
2. Ծրագրային նոր գործիքների ներկայացում,
3. Խնդիրների և առաջարկների քննարկում։
Համաժողովը կայացավ պատվիրակների միջոցով։
Համաժողովն իրավազոր էր, որի պատվիրակները (թվով 93, որից ներկա` 82) բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին օրակարգում ներառված հարցերին։
Այնուհետև Ասոցիացիայի Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը անդրադարձավ օրակարգային հարցերին` ներկայացնելով 2026-2030թթ. ռազմավարական հարցերը։
Ծրագրային նոր գործիքները Ասոցիացիայի անդամներին ներկայացրեց Ասոցիացիայի Խորհրդի անդամ Անի Բադիկյանը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան իր գործընկերների և գործընկերների հաճախորդների բիզնեսին առնչվող հարակից ծառայությունների և այլ պրոդուկտների տրամադրման հասանելիության և մատչելիության ապահովման նպատակով համաժողովի վերջին հատվածում կազմակերպեց պանելային քննարկում, որի հյուրերն էին «Արբիտրաժ» ՍՊԸ-ի տնօրեն Գարիկ Միրզոյանը, «Արբիտրաժ» ՍՊԸ-ին կից մշտապես գործող «Արբիտրաժային դատարան» հիմնարկի նախագահ, փաստաբան, արբիտր Զարզանդ Հարությունյանը, «Մակիչյան Քընսալթինգ» բիզնես-գործընթացների ավտոմատացման կենտրոնի հիմնադիր, տնօրեն Գրիգոր Մակիչյանը և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի վաճառքների հարաբերություների կառավարման մասնագետ Մկրտիչ Բիձյանը։ 
Ասոցիացիայի անդամները բարձրաձայնեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ներկաներին ակտիվ մասնակցության և մեր գործընկերներին` համագործակցության և վստահության համար։

25.10.2025