Համաժողովներ

Ասոցիացիայի կառավարման մարմիններն են համաժողովը և խորհուրդը, իսկ գործադիր մարմինն է Ասոցիացիայի նախագահը։ Ասոցիացիայի բարձրագույն մարմինը նրա անդամների (պատվիրակների) համաժողովն է, որն ունի Ասոցիացիայի գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք։ Ասոցիացիայի հերթական համաժողովը հրավիրվում է 4 (չորս) տարին մեկ անգամ, Ասոցիացիայի կանոնադրությամբ նախատեսված կարգով, խորհրդի կողմից, մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ` կազմելով համապատասխան արձանագրություն կամ փոխանակելով փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս ճշգրիտ որոշել, որ փաստաթուղթը ելնում է նրանում որպես հեղինակ նշված անձից։ Համաժողովի անցկացման և Խորհրդի կողմից սահմանված համամասնությամբ Կազմակերպության անդամներից ընտրված պատվիրակների՝ համաժողովին մասնակցության կարգերը սահմանվում են Խորհրդի կողմից: Ասոցիացիայի հերթական համաժողովի օրակարգի, նրա աշխատանքն սկսվելու տեղի, օրվա ու ժամի մասին անդամներին, անդամության թեկնածուներին ծանուցվում է պատվիրված նամակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով կամ այլ պատշաճ եղանակով, սակայն ոչ ուշ, քան համաժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ: Ասոցիացիայի արտահերթ համաժողով հրավիրվում է անդամների մեկ երրորդի, Ասոցիացիայի նախագահի կամ վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ քան հինգ օրվա ընթացքում: Արտահերթ համաժողովի օրակարգի, անցկացման տեղի, օրվա ու ժամի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն հերթական համաժողովի հրավիրման համար նախատեսված եղանակով` համաժողովի անցկացման օրվանից առնվազն հինգ օր առաջ:
Համաժողովի բացառիկ իրավասությունն է`

  • կատարել Ասոցիացիայի կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ կամ նոր խմբագրությամբ հաստատել կանոնադրությունը,
  • ստեղծել այլ իրավաբանական անձ, որոշումներ ընդունել այլ կազմակերպությունում Ասոցիացիայի մասնակցության մասին,
  • հաստատել Ասոցիացիայի կառուցվածքը,
  • որոշումներ ընդունել Ասոցիացիայի խորհրդի, վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգիչի) ընտրության կամ նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին,
  • ընտրել Ասոցիացիայի աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), եթե Ասոցիացիան օրենքով պահանջի համաձայն ենթակա է պարտադիր աուդիտի,
  • հաստատել Ասոցիացիայի ռազմավարությունը,
  • առնվազն չորս տարին մեկ հաստատել Նախագահի կողմից համաժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում հաստատված Ասոցիացիայի գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները,
  • դադարեցնել Ասոցիացիայի մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը,
  • ընդունել որոշում Ասոցիացիայի վերակազմակերպման մասին,
  • ընդունել որոշում Ասոցիացիայի լուծարման մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարման դեպքերի,
  • իրականացնել օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE FIFTH CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2018 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովը:
Համաժողովին ներկա էին Ասոցիացիայի 386 անդամները: Բացման խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, ով իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք կատարած հաշվապահներին՝ շեշտելով նրանց կատարած աշխատանքի կարևորությունը: 
Վահագն Համբարձումյանը, շնորհավորելով Հաշվապահների միջազգային օրվա առթիվ, կոչով դիմեց բոլոր հաշվապահներին, որ միայն ու միայն աշխատասեր մարդու աչքերով նայեն առաջ, կրեն և՛ հարկ վճարողի շահերի պաշտպանի կոչումը, և՛ ի շահ պետության մտածելակերպի քարոզչի կոչումը։
Համաժողովի ընթացքում ներկայացվեց Ասոցիացիայի 4 տարիների գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա ներկայացրեց Ասոցիացիայի դերն ու նշանակությունը գործատուների կյանքում: ՀՀ ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը ներկայացրեց Ասոցիացիայի դերն ու նշանակությունը ՓՄՁ-ների գործունեությունում: Ելույթներով հանդես եկան նաև Հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի նախագահ Հովհաննես Պետրոսյանը, Եղեգնաձորի, Սիսիանի և Արմավիրի հաշվապահական հաշվառման գրասենյակների տնօրենները:
Համաժողովի երկրորդ մասում տեղի ունեցավ քվեարկություն, որտեղ բացարձակ կողմ ձայներով հաստատվեց Ասոցիացիայի չորս տարվա գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունը: Բացարձակ կողմ ձայներով Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ վերընտրվեց Վահագն Համբարձումյանը: Ընտրվեց նաև Ասոցիացիայի խորհրդի նոր կազմ և վերստուգիչ:

10.11.2018

Վահագն Համբարձումյան I Vahagn Hambardzumyan

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2017 թվականի սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) չորրորդ համաժողովը, որի օրակարգային հարցն էր.

  1. «ՀՀԳ ԿԱՌԱՎԱՐԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 100 տոկոս բաժնեմասի ձեռքբերման հաստատում։

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Ասոցիացիայի մարզային անդամները համաժողովին մասնակցեցին հեռավար ռեժիմով։

15.09.2017

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE THIRD CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2017 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) երրորդ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. Կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության և նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում
  2. Նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում:

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Ասոցիացիայի մարզային անդամները համաժողովին մասնակցեցին հեռավար ռեժիմով։

23.05.2017

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE SECOND CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2016 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) երկրորդ համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. Հասարակական կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատում
  2. Ասոցիացիայի նախագահի հաշվետվություն
  3. Հասարակական կազմակերպության Խորհրդի անդամների կազմի փոփոխում
  4. ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի և Ասոցիացիայի համագործակցություն
  5. Ասոցիացիայի դերն ու նշանակությունը գործատուների կյանքում
  6. Ասոցիացիայի դերն ու նշանակությունը հարկ վճարողների շահերի պաշտպանության ենթատեքստում
  7. Ասոցիացիայի դերը անդամ հաշվապահների գործունեության կազմակերպման համատեքստում
  8. Ասոցիացիայի դերը հարկ վճարողների գործունեության համատեքստում
  9. Ասոցիացիայի դերը պետություն - բիզնես հարաբերություններում:

Համաժողովին ներկա էին Ասոցիացիայի 367 անդամները:

17.12.2016

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ I THE FIRST CONFERENCE OF THE ASSOCIATION

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

2014 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) առաջին համաժողովը, որի օրակարգային հարցերն էին.

  1. Հասարակական կազմակերպության հիմնադրման հարցի քննարկում,
  2. Հասարակական կազմակերպության կանոնադրության հաստատման հարցի քննարկում,
  3. Հասարակական կազմակերպության նախագահի ընտրության հարցի քննարկում,
  4. Հասարակական կազմակերպության խորհրդի ընտրություն,
  5. Վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրության հարցի քննարկում։

Համաժողովն իրավազոր էր, որի մասնակիցները բաց քվեարկությամբ միաձայն կողմ քվեարկեցին փոփոխված կետերի հաստատմանը։
Ասոցիացիայի մարզային անդամները համաժողովին մասնակցեցին հեռավար ռեժիմով։

27.10.2014