USAID – Հարկային բարեփոխումների ծրագիր - Հարկ վճարողի ուղեցույց

USAID

Հարկ վճարողներն ու հաշվապահները իրենց գործունեության ընթացքում շփվում են բազմաբնույթ տնտեսական կանոնների և կարգավորումների հետ, որոնց իմացությունն ու գործնական ճիշտ կիրառումը բիզնեսի հաջողության գրավականներից են։ Նրանց օրենսդրական իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով էլ հրատարակվել է Հարկ վճարողի ուղեցույցը։ Քանի որ իրավական ակտերի դրույթներն առավել մատչելի և դյուրին են ընկալվում հարցադրման մեթոդով շարահյուսված, որոշվեց ուղեցույցում ընդգրկել ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերից քաղված, գործնականում հաճախ կիրառվող դրույթներ` հարց ու պատասխանի տեսքով։ Ուղեցույցը մշակելիս հեղինակները զերծ են մնացել անձնական կարծիքներից և սուբյեկտիվ մեկնաբանություններից` բոլոր պատասխանները հղում անելով իրավական ակտերի հոդվածների մասերին և (կամ) կետերին։ Պատասխանների հղումներն արվել են իրավական ակտերի 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ գործող դրույթներին։
Առանձին գլուխներով ընթերցողին են ներկայացվում ձեռնարկատիրական իրավունքի, աշխատանքային հարաբերությունների, հաշվապահական և հարկային հաշվառման կիրառական մոտեցումները` ըստ առավել հաճախ գործածվող իրավական ակտերի դրույթների։
Ուղեցույցը կիրառելի է ինչպես հաշվապահական հաշվառման և ֆինանսների ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ ուսանողների, մագիստրոսների և տնտեսագետների համար։
Ուղեցույցը մշակվել է «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ` Ասիական զարգացման բանկի (ADB) և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ՝ USAID-ի Հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակներում։