ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

18.11.2024

ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՔՍԱՆՎԵՑԵՐՈՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Ս.թ. նոյեմբերի 16-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության 26-րդ արտահերթ համաժողովը և Ասոցիացիայի հիմնադրման տասնամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահի խորհրդական Սերգեյ Մուրադյանը, ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը, Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ պետական մարմիններից, հասարակական կազմակերպություններից, ուսումնական հաստատություններից և գործընկեր կառույցներից։
Համաժողովին մասնակցում էին Ասոցիացիայի 405 անդամներից 393-ը` ապահովելով 97% մասնակցություն։
Շնորհավորական ուղերձով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, ով շնորհակալություն հայտնեց մասնակիցներին միջոցառմանը ներկա գտնվելու համար:
Բաց քվեարկությամբ համաժողովի նախագահ ընտրվեց Վահագն Համբարձումյանը, քարտուղար` Հերմինե Թովմասյանը, իսկ հաշվիչ հանձնաժողովի անդամներ` Սիրանուշ Ներսիսյանը, Արմինե Գրիգորյանը և Անի Բադիկյանը, ինչպես նաև հաստատվեցին համաժողովի օրակարգային հարցերը։
Օրակարգում ներառված առաջին հարցը Ասոցիացիայի տասը տարվա գործունեության հաշվետվությունն էր, որի շրջանակներում Վահագն Համբարձումյանը ներկայացրեց Ասոցիացիայի հիմնադրման պատմությունը, առաքելությունը և արժեքները, իրականացրած նախագծերը, ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, համագործակցությունները, տարիների ընթացքում ձեռք բերած նվաճումները և ապագա տարիների տեսլականը։
Նախագահը շնորհակալություն հայտնեց Ասոցիացիայի անդամ հաշվապահներին՝ ընդգծելով նրանց ներդրումը Ասոցիացիայի կայացման և առաքելության իրագործման ճանապարհին:
Համաժողովի երկրորդ հատվածում կազմակերպվեց ակտիվ հարցուպատասխան, որի ընթացքում ներկաներն Ասոցիացիայի նախագահին ուղղեցին իրենց հարցերը:
Միջոցառումն ամփոփվեց հյուրերի շնորհավորական ուղերձներով, ովքեր մաղթեցին Ասոցիացիայի շարունակական արգասաբեր գործունեություն և առաջընթաց` ի նպաստ մեր երկրի տնտեսության զարգացմանն ու Հայաստանի Հանրապետության հզորացմանը:

Կիսվել սոց․ ցանցերում