02.08.2025
Օգոստոսի 2-ին Մուղնիում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ավանդական «Անտառային խոհանոց» միջոցառումը, որն արդեն իսկ դարձել է սպասված և սիրված ընկերական հանդիպման օր: Այս տարի միջոցառումը հատուկ նշանակություն ուներ, քանի որ այն միավորել էր Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի մրցույթի հաղթող ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի (ՀՊՏՀ քոլեջ - ASUE college) ուսանողներին և Ասոցիացիայի փորձառու անդամներին:
Ամառանոցի հյուրընկալ մթնոլորտում կազմակերպված միջոցառումը դարձավ իսկական տոն, որտեղ տարբեր սերունդների մասնագետները համախմբվեցին ընդհանուր նպատակների և արժեքների շուրջ: Օրվա ծրագիրը ներառում էր բազմաբնույթ ժամանց և հանգիստ՝ մասնակիցները ակտիվորեն շփվեցին, կազմակերպվեցին խաղեր և պարային մրցույթներ, իսկ ամառային տաք օրվա համար կատարյալ լողավազանը հնարավորություն տվեց հանգստանալու և թարմանալու:
Միջոցառման եզրափակումը եղավ համատեղ ընթրիքը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի մոտիկից ճանաչել իրար և փոխանակվել հետաքրքիր մտքերով:
Նման միջոցառումները չափազանց կարևոր դեր են խաղում կորպորատիվ մշակույթի ձևավորման գործում: Դրանք նպաստում են թիմակառուցմանը, ամրապնդում են մասնակիցների միջև կապերը և ստեղծում դրական աշխատանքային միջավայր:
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան այս գեղեցիկ ավանդույթի շարունակությամբ ցույց է տալիս, որ մասնագիտական զարգացումը միայն տեխնիկական գիտելիքներով չի սահմանափակվում, այլ ներառում է նաև թիմային աշխատանք և սերունդների միջև փոխանցվող փորձառության արժևորում: