Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի 2026-2027 ուսումնական տարվա մրցույթում հաղթած ուսանողներին հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը

24.09.2026

Սեպտեմբերի 24-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի 2026-2027 ուսումնական տարվա մրցույթում հաղթած ուսանողներին հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։
Միջոցառմանը ներկա էին նաև ուսումնական հաստատությունների այլ ներկայացուցիչներ, նախորդ մրցույթներում հաղթած ուսանողներ, ուսանողների ծնողներ և այլ հյուրեր։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին և շնորհավորեց ուսանողներին՝ ընդգծելով կրթության դերն ու կարևորությունը։ Իր խոսքում Հերմինե Թովմասյանը անդրադարձավ նաև Ասոցիացիայի՝ ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունն առաջնորդող գաղափարին՝ «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ կրթօջախները»՝ ընդգծելով, որ երկրի կայուն զարգացումն ու առաջընթացը պայմանավորված են կրթված, բանիմաց և մասնագիտական գիտելիքներով զինված սերնդի ձևավորմամբ։ Նա նշեց, որ հենց այս համոզմունքով էլ Ասոցիացիան կարևորում է երիտասարդների կրթությանն ու մասնագիտական զարգացմանն աջակցելը՝ ստեղծելով հնարավորություններ նրանց գիտելիքների, հմտությունների և մասնագիտական ներուժի զարգացման համար։
Անվանական կրթաթոշակի 2026-2027 ուսումնական տարվա մրցույթի 8 հաղթողները ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի, Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի և Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի ուսանողներ են։
Վերջիններս շնորհակալություն հայտնեցին իրենց ընձեռված հնարավորության համար՝ կարևորելով անվանական կրթաթոշակը ոչ միայն որպես ձեռքբերում, այլև որպես իրենց մասնագիտական ուղու մեկնարկին տրված արժեքավոր աջակցություն։
Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հանդիսավոր կերպով հաղթող ուսանողներին հանձնեցին անվանական կրթաթոշակի հավաստագրերը և նվիրեցին գրքեր։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի տրամադրման մրցույթը կրում է շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով խթանել երիտասարդ սերնդի շրջանում ուսման նկատմամբ հետաքրքրությունը, ինչպես նաև նպաստել կրթության մակարդակի բարձրացմանն ու բարելավմանը։

Կիսվել սոց․ ցանցերում