19.11.2025
Նոյեմբերի 19-ին` Կանանց ձեռներեցության միջազգային օրվա առթիվ, «Լաթար» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ «Գլխավոր կանայք - 2025» խորագրով մրցանակաբաշխություն, որը կազմակերպվել էր «Էյ Էյ Դի Փրոջեքթ» PR MEDIA ընկերության և «Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ:
Միջոցառման նպատակն էր մեկտեղել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և բիզնեսում նշանակալի հաջողությունների հասած կին ձեռներեցներին, ինչպես նաև ստեղծել փորձի փոխանակման, գործընկերային կապերի ձևավորման և արդյունավետ համագործակցության ձևավորման միջավայր։
Մրցանակաբաշխությանը հրավիրված էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը, ով իր ողջույնի խոսքում անդրադարձավ կին ձեռներեցների կարևոր դերակատարմանը տնտեսության զարգացման գործում` ընդգծելով աջակցող քաղաքականության և հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
Բիզնես ընթրիքն ուղեկցվեց հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնվեցին կին գործարարներին, ովքեր իրենց նախաձեռնողականությամբ, նորարար մտածողությամբ և հետևողական աշխատանքով նշանակալիորեն նպաստել են տարիներով ձևավորված կարծրատիպերի հաղթահարմանը։
Մրցանակաբաշխության շրջանակում տարբեր անվանակարգերում պարգևատրվեցին նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամ մի շարք կին ձեռներեցներ.
- «Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի տնօրեն Ասյա Գալստյանը,
- «Գործընկեր գրասենյակ» հաշվապահական ընկերության տնօրեն Աիդա Գրիգորյանը,
- «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն Սեդա Ղազարյանը,
- «Մէա Ըքաունթինգ» հաշվապահական գրասենյակի տնօրեն Լուսինե Եղիազարյանը։
Շնորհավորում ենք մրցանակակիր մեր գործընկերներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ, սահուն ընթացք և շարունակական հաջողություններ: