Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ հուլիսի 29-ին տեղի է ունեցել քննարկում
30.07.2025
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ հուլիսի 29-ին տեղի է ունեցել քննարկում, որի շրջանակներում ներկայացվել են սպառողների շահերը պաշտպանող նոր օրենսդրական նորմերը, որոնք վերաբերում են անարդար առևտրային գործելակերպին և մոլորեցնող գովազդային միջոցների կիրառմանը։ Քննարկմանը մասնակցեցին տնտեսավարող սուբյեկտների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներ և հանձնաժողովի անդամներ, ինչպես նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը։
ՄՊՀ անդամի խոսքերով՝ օգոստոսի 1-ից գործողության մեջ մտնող նոր կանոնակարգերը հիմնված են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պահանջների վրա և նպատակ ունեն ՀՀ-ում սպառողների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ ստեղծել։
Հանձնաժողովի մասնագետները մանրամասն ցուցադրեցին անարդար առևտրային գործելակերպի նոր սահմանումները և միանալու պայմանագրերի կարգավորման սկզբունքները։
Նոր օրենսդրության համաձայն՝ անարդար առևտրային գործելակերպը կարող է իրականացվել մոլորեցման կամ ագրեսիվ մեթոդների կիրառմամբ։ Մոլորեցման օրինակներից են՝ կեղծ ճգնաժամային իրավիճակ ստեղծելը, երբ սպառողներին տեղեկացնում են, որ ապրանքը հասանելի կլինի կարճ ժամանակով, և հակառակ դեպքում նրանք կկորցնեն շահավետ գնով գնում կատարելու հնարավորությունը, կամ կեղծ տեղեկատվություն տրամադրելը տնտեսավարող սուբյեկտի գործունեության դադարեցման կամ տեղափոխման մասին՝ բացահայտ անհիմն զեղչեր հայտարարելու համար։
Ագրեսիվ վարքագծի դրսևորումներ են համարվում սպառողի նախնական համաձայնություն չստանալով նրա բնակավայր անհատական այցելություններ կատարելը, ինչպես նաև հեռակապի, էլեկտրոնային հաղորդակցության կամ այլ կապի միջոցներով ապրանքային առաջարկությունների անընդհատ և ոչ պահանջված տարածումը՝ բացառությամբ պայմանագրային պարտականությունների կատարման դեպքերի։
Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը քննարկման ընթացքում բարձրաձայնեց հարց այն մասին, թե մատուցվող ծառայությունների և իրականացվող աշխատանքների դեպքում գնի ներկայացման ինչպիսի՞ կանոններ են նախատեսվում:
Հարցին ի պատասխան նշվեց, որ հստակ կանոն չկա, տնտեսվարողը իրեն հարմար ձևով պետք է կազմակերպի, այնպես, որ սպառողին պարզ լինի գինը կամ գների հաշվարկման տրամաբանությունը։
Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ակտիվ մասնակցությունը այս տեսակ քննարկումներին ունի առանցքային նշանակություն մասնագիտական համայնքի տեսակետը արտահայտելու և Ասոցիացիայի անդամների շահերը ներկայացնելու համար։ Ասոցիացիան նպատակ ունի ապահովել, որ նոր օրենսդրական փոփոխությունները լինեն գործնական և իրագործելի, միաժամանակ նպաստելով թե՛ սպառողների իրավունքների պաշտպանությանը, թե՛ բիզնես ոլորտի կայուն աճին։