«Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի 10-ամյակի միջոցառումը

04.04.2026

Ապրիլի 3-ին տեղի ունեցավ «Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակի գործունեության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի Գործատուների Հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, այլ անդամներ, Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Բուդաղյանը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց ընկերության տարեդարձը և մաղթեց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Նշենք, որ «Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հանդիսանում են Միության անդամ կազմակերպություններ։
Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Բուդաղյանը։ Վերջինս համայնքապետարանի անունից գրասենյակին հանձնեց շնորհակալագիր՝ համայնքի գործարար միջավայրի զարգացմանը նպաստելու համար։
«Պրոֆթիմ Ըքաունթինգ» հաշվապահական հաշվառման գրասենյակը գտնվում է Նոյեմբերյան քաղաքում, Զ․ Անդրանիկի 6/3 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 300 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։
Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին և երկարամյա աշխատակից Անուշ Մարտիրոսյանին հանձնվեցին շնորհակալագրեր։

Կիսվել սոց․ ցանցերում