«Ճշգրիտ Հաշվապահություն և Խորհրդատվություն» հաշվապահական ընկերության 10-ամյակի միջոցառումը
11.05.2026
Մայիսի 8-ին տեղի ունեցավ «Ճշգրիտ Հաշվապահություն և Խորհրդատվություն» հաշվապահական ընկերության գործունեության տասնամյակի միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ողջ անձնակազմը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը, նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, այլ անդամներ, Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը, Բերդի բազմագործառույթային պետական քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը, փոխտնօրեն Անահիտ Սարգսյանը, Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամը, Տավուշ հիմնադրամի տնօրեն Լուսիկ Աղաբաբյանը, Վիճակագրական Վարչության ավագ մասնագետ Գոհար Վիրաբյանը, գործընկերներ, հաճախորդներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։
Միջոցառումը սկսվեց Բերդ քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամի աղոթքով:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը շնորհավորեց գրասենյակի տարեդարձը և մաղթեց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Նշենք, որ «Ճշգրիտ Հաշվապահություն և Խորհրդատվություն» հաշվապահական ընկերությունը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան հանդիսանում են Միության անդամ կազմակերպություններ։
Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը և այլ հյուրեր։
«Ճշգրիտ Հաշվապահություն և Խորհրդատվություն» հաշվապահական ընկերությունը գտնվում է Բերդ քաղաքում, Լևոն Բեկի 5 հասցեում։ Վերջինս ներկա պահին համագործակցում է շուրջ 400 հաճախորդի հետ։
Միջոցառման ընթացքում ամփոփ հետհայացք կատարվեց գրասենյակի անցած ուղուն և գործունեության տասնամյա պատմությանը։
Գրասենյակի հավատարիմ հաճախորդներին, տնօրեն Արմինե Ջուլհակյանին և երկարամյա աշխատակիցներ Արփինե Ալավերդյանին ու Անուշ Մաթևոսյանին հանձնվեցին շնորհակալագրեր։