Հանդիպում Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի և քոլեջի ուսանողների հետ
18.09.2025
Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի Խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի (ք.Վանաձոր) տնօրեն, Ասոցիացիայի անդամ Սեդա Ղազարյանը, «B2B» հաշվապահական կենտրոնի (ք.Վանաձոր) տնօրեն, Ասոցիացիայի Խորհրդի անդամ Լիլիթ Դերձյանը և այլ անդամներ հյուրընկալվեցին Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանում, որին մասնակցում էին ինչպես համալսարանի, այնպես էլ քոլեջի ուսանողները։
Ասոցիացիայի նախագահը ողջունեց ներկաներին և ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթի հիմնական տարրերը և կադրային քաղաքականությունը` կարևորելով կրթության դերը արդի մրցունակ շուկայում, այնուհետև ներկայացրեց կրթաթոշակին դիմելու կարգն ու պայմանները։
Ասոցիացիայի և համալսարանի միջև համագործակցության հուշագրի շրջանակում կողմերը բարձր առաջադիմությամբ ուսանողներին Ասոցիացիայի անվանական կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեցին` հնարավորություն ընձեռելով համալսարանի «Կառավարում» և «Ակտուարական և ֆինանսական Մաթեմատիկա» մասնագիտություններով սովորող 3-րդ կուրսի և քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ սովորող 1-ին և 2-րդ կուրսի ուսանողներին։
Այնուհետև ելույթներով հանդես եկան «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն Սեդա Ղազարյանը և «B2B» հաշվապահական կենտրոնի տնօրեն Լիլիթ Դերձյանը, ովքեր ներկայացրին Ասոցիացիային անդամակցելու առավելությունները, իսկ ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2024-2025թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի մրցույթում հաղթած ուսանողուհի և արդեն Ասոցիացիայի անդամ Նարե Թամրազյանը ներկայացրեց ուսանողներին ընձեռվող մասնագիտական աճի հնարավորությունները։
Քննարկումը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանին համագործակցության, վստահության և հյուրընկալության համար։