06.10.2026
Հոկտեմբերի 6-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը և Ասոցիացիայի անդամ Շուշանիկ Շուշանյանը հանդիպումներ ունեցան Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի, վերջինիս քոլեջի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողների հետ։ Հանդիպումներին մասնակցեց նաև Ասոցիացիայի անդամ «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի տնօրեն Սեդա Ղազարյանը։
ՎՊՀ-ում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին ՎՊՀ-ի ռեկտոր Արմեն Ծատուրյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լուսինե Կոստանդյանը, ինչպես նաև ՎՊՀ քոլեջի դասախոս Հեղինե Գրիգորյանը։ ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցեցին Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Լուսինե Աղաբաբյանը, Որակի ապահովման և արտաքին կապերի բաժնի վարիչ Արուսյակ Մադոյանը, ինչպես նաև Կարիերայի և արտաքին կապերի համակարգող Տաթևիկ Մարգարյանը։
Հանդիպումների ընթացքում Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ուսանողներին ներկայացրեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան, վերջինիս առաքելությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու հնարավորությունները՝ կարևորելով մասնագիտական կրթության և շարունակական զարգացման դերը։ Ներկայացվեց նաև Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի ծրագիրը, դրան դիմելու կարգն ու պայմանները, ինչպես նաև կրթաթոշակ ստանալու և մասնագիտական զարգացման հետագա հնարավորությունները։
Հանդիպումներին մասնակցեցին նաև 2026–2027 ուսումնական տարվա անվանական կրթաթոշակի հաղթողներ՝ ՎՊՀ քոլեջի ուսանող և Ասոցիացիայի խորհրդատուի օգնական Մանե Գալստյանը, ինչպես նաև ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի ուսանող և «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի աշխատակից Միլենա Սուքիասյանը։ Նրանք ուսանողների հետ կիսվեցին իրենց փորձառությամբ՝ ներկայացնելով կրթաթոշակի ծրագրի շրջանակում իրենց անցած ճանապարհն ու ընձեռված հնարավորությունները։
Շնորհակալություն ենք հայտնում Վանաձորի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին համագործակցության, պատրաստակամության և ջերմ ընդունելության համար։