23.09.2026
Սեպտեմբերի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ, որին մասնակցեց նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Քննարկվեցին առևտրային ցանցերի կողմից մատակարարներին վճարումների ուշացումները կանխելուն ուղղված երկու առաջարկ՝ վճարման ժամկետների պահպանման վերաբերյալ պարբերական հաշվետվողականության համակարգի ներդրումը և պատասխանատվության համար հիմք հանդիսացող կետանցի ժամկետային ու գումարային շեմերի վերանայումը։
Նիստի ընթացքում Էկոնոմիկայի նախարարության կողմից ենթախորհրդի անդամների քննարկմանը ներկայացվել են նաև տեղական արտադրանքի սպառման և առաջխաղացման հնարավորությունների ընդլայնմանն ուղղված առաջարկներ։ Վերջիններիս նպատակն է աջակցել տեղական ՓՄՁ-ներին խոշոր առևտրային ցանցեր մուտք գործելու հարցում, մեծացնել հայրենական արտադրանքի տեսանելիությունն ու նպաստել դրա նկատմամբ երկարաժամկետ պահանջարկի ամրապնդմանը։
Քննարկումներին մասնակցեցին շահագրգիռ կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու առաջարկությունները։ Ասոցիացիան կարևորում է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի ձևաչափով ոլորտային քննարկումներին մասնակցությունը՝ նպաստելով մասնագիտական համայնքի դիտարկումների և առաջարկությունների ներկայացմանը։