Կոտայքի մարզ
20.11.2026

Նոյեմբերի 20-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Հակոբ Դանիելյանը և Գեորգի Գասպարյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Կոտայքի մարզ՝ հանդիպելու Աբովյան քաղաքում գործող «Լիդերս Քոմփընի» Հաշվապահական Հաշվառման Գրասենյակի անդամներին` տեղում ծանոթանալու նրանց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծմանը։
Հանդիպման ընթացքում կազմակերպվեց հարցուպատասխան, որի շրջանակում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։
Ասոցիացիայի կողմից գրասենյակի երկարամյա աշխատակիցներին, որպես գնահատանքի և երախտագիտության նշան, հանձնվեցին գրքային նվերներ՝ արժևորելով նրանց մասնագիտական նվիրվածությունն ու տարիների ներդրումը։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում կարևորագույն սկզբունքին՝ կրթելով, որակավորելով և աջակցելով՝ նպաստել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտությունների ու պատասխանատվության բարձրացմանը։
