Լոռու մարզ
22.06.2026
Հունիսի 22-26-ը Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը, Միհրան Թադևոսյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Հակոբ Դանիելյանը և Գեորգի Գասպարյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Լոռու մարզ` հանդիպելու Ալավերդի քաղաքում գործող «Սմարթ Հաշվառում» Հաշվապահական Կենտրոնի, Վանաձոր քաղաքում գործող «Բիզնես Աջակից» հաշվապահական գրասենյակի, Տաշիր քաղաքում գործող «Ըքաունթինգ Սըլյուշնս» Հաշվապահական Գրասենյակի անդամներին` տեղում ծանոթանալու իրենց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայություններ մատուցելու շրջանակներում առաջացած բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծումներին։
Հանդիպումների ընթացքում կազմակերպվեցին հարցուպատասխաններ, որոնց շրջանակներում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։
Հանդիպումների շրջանակներում Ասոցիացիայի կողմից գրասենյակների երկարամյա աշխատակիցներին, որպես գնահատանքի և երախտագիտության նշան, հանձնվեցին գրքային նվերներ՝ արժևորելով նրանց մասնագիտական նվիրվածությունն ու տարիների ներդրումը։