Վայոց Ձորի մարզ

21.08.2026

Օգոստոսի 21-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Հարություն Գուլյանը և Միհրան Թադևոսյանը, անդամներ Արտակ Մարգարյանը, Հակոբ Դանիելյանը և Գեորգի Գասպարյանը աշխատանքային շրջայցով մեկնել էին Վայոց ձորի մարզ՝ հանդիպելու Եղեգնաձոր քաղաքում գործող «Արփա Գոլդ» հաշվապահական հաշվառման գրասենյակի, ինչպես նաև վերջինիս «Վայք» մասնաճյուղի անդամներին, տեղում ծանոթանալու նրանց կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման ընթացքում առաջացող բազմաբնույթ խնդիրներին և աջակցելու դրանց արդյունավետ լուծմանը։
Հանդիպումների ընթացքում կազմակերպվեցին հարցուպատասխաններ, որոնց շրջանակում մասնակիցները բարձրաձայնեցին ոլորտին առնչվող խնդիրներ և ստացան համապատասխան պարզաբանումներ։
Ասոցիացիայի կողմից գրասենյակի երկարամյա աշխատակցին, որպես գնահատանքի և երախտագիտության նշան, հանձնվեց գրքային նվեր՝ արժևորելով նրա մասնագիտական նվիրվածությունն ու տարիների ներդրումը։
Ասոցիացիան իր առաքելության իրականացման ճանապարհին հավատարիմ է մնում կարևորագույն սկզբունքին՝ կրթելով, որակավորելով և աջակցելով՝ նպաստել Ասոցիացիայի անդամների մասնագիտական և սոցիալական հմտությունների ու պատասխանատվության բարձրացմանը։