2018 թվականի հունիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացմանը վերաբերող խորհրդակցություն
29.06.2018

2018 թվականի հունիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոքր և միջին ձեռնարակատիրության զարգացմանը վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել է Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու ՓՄՁ-ների շահերը ներկայացնող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Վարչապետը նշել է, որ պետք է քարտեզագրել փոքր և միջին ձեռնարկատիրության խնդիրներն ու կառավարության անելիքները՝ ոլորտին աջակցելու առումով:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ են կատարվել ՓՄՁ ոլորտում առկա խնդիրներին, ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվող պետական աջակցության կառույցների գործառույթներին, ՓՄՁ-ների աջակցության գործիքակազմին, հարկային վարչարարությանը վերաբերող մի շարք հարցերի, որոնց առնչությամբ ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Մասնավորապես, ներկաները կարևորել են Հարկային օրենսգրքում բարեփոխումների իրականացումը:
Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն ունի քաղաքական կամք՝ քննարկելու ոլորտի խնդիրներն ու գտնելու դրանց լուծման տարբերակները: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել Հարկային օրենսգրքի բարեփոխումների իրականացման ուղղությամբ քննարկումներին նաև ՓՄՁ-ների նեկայացուցիչների ներգրավումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հարթակում ՓՄՁ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորել ՓՄՁ զարգացման խորհուրդ, որը կառուցողական մթնոլորտում պարբերաբար կքննարկի ոլորտում առկա խնդիրները, վարչապետին կներկայացնի դրանց լուծման հնարավորություններն ու հանդես կգա կոնկրետ առաջարկություններով: