2025 թվականի հուլիսի 22-ին Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի արտահերթ նիստ

23.07.2025

Հուլիսի 22-ին Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացավ ՓՄՁ Զարգացման Խորհրդի արտահերթ նիստ։
Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը։
ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը ենթադրում է վարչական ակտերի բողոքարկման դեպքում դրա գործողության կասեցման ընդհանուր կանոնի վերացում։
Հարցը նախկինում քննարկվել էր ՓՄՁ Զարգացման խորհրդի 27-րդ նիստում, որի ժամանակ ՓՄՁ Խորհրդի անդամները, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության գործընկերները հայտնել էին բացասական դիրքորոշում հարցի վերաբերյալ: Նիստի ընթացքում որոշվել էր, որ նախագիծը կլրամշակվի ՀՀ Արդարադատության նախարարության կողմից, որից հետո հարցը կրկին կքննարկվի ՓՄՁ Խոհրդի նիստի շրջանակներում:
Նիստի սկզբում Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը ներկայացրեց լրամշակված նախագիծը, 2024 թվականի վարչական ակտերին վերաբերող վիճակագրական տվյալներն ու նախագծին վերաբերող մի շարք հարցեր:
Խորհրդի անդամներն ու ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նախորդ նիստում, այս անգամ նույնպես արտահայտեցին իրենց բացասական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ՝ ներկայացնելով բոլոր այն ռիսկերն ու խնդիրները, որոնք ներկայացված նախագիծը կարող է առաջացնել բիզնեսի համար՝ շեշտելով ևս մեկ անգամ, որ վարչական ակտի կասեցման համար զգալի վնասի ապացուցողական բեռը չի կարելի դնել բիզնեսի վրա։
Շնորհակալություն հայտնելով նիստի բոլոր մասնակիցներին՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը իր եզրափակիչ ելույթում ամփոփեց քննարկման հիմնական փաստարկները և հանձնարարեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչներին ուսումնասիրել վարչական ակտերին վերաբերող վիճակագրական և դրանց բողոքարկման վերաբերյալ տվյալները` տարբերակելով հարուցված, ինչպես նաև ավարտված և չավարտված վարույթները, որից հետո արդեն հարցը կրկին կքննարկվի ՓՄՁ Խոհրդրի նիստի շրջանակներում:

Կիսվել սոց․ ցանցերում