2025 թվականի մայիսի 6-ին Պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցավ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը
06.05.2025

Մայիսի 6-ին Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին հարկային օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ մի շարք հարցեր:
Նիստին մասնակցում էին ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Վահագն Համբարձումյանը և Գոհար Փարսադանյանը։
Կոմիտեի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև ծավալվեցին ակտիվ քննարկումներ ներկայացված նախագծերի և այլ հարցերի շուրջ։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը հանդես եկավ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնի միասնական շտեմարան չփոխանցելու կամ փաստացի փոխանցման ենթակա տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն փոխանցելու դեպքերում պատասխանատվության ավելի մեղմ միջոցներ կիրառելու առաջարկով:
ՊԵԿ-հասարակություն կառուցողական երկխոսության համատեքստում կարևորվեց խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը՝ Կոմիտեի կողմից առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներին: Ներկայացվեցին Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր։ Մասնավորապես, քննարկվեցին նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմին ուղարկելու հետ կապված հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։ Օրենսդրական փոփոխության արդյունքում ակնկալվում է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը և նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին։
Միաժամանակ, կարևորվեց նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի առավելությունները։ Անդրադարձ կատարվեց նաև արտարժույթով արտահայտված գործարքների շրջանակում հարկման բազաների և սկզբնական արժեքների որոշման նպատակով Կենտրոնական բանկի կուրսի կիրառման կարգավորումներին։