2025 թվականի փետրվարի 21-ին «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ներկայացուցիչների հանդիպումը Ակբա Բիզնես ակումբի (Acba bank OJSC) գործարարների հետ
21.02.2025
Փետրվարի 21-ին «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի ներկայացուցիչների հանդիպումը Ակբա Բիզնես ակումբի (Acba bank OJSC) գործարարների հետ։
Հանդիպման նպատակը գործարարներին հարկային օրենսդրության վերջին փոփոխությունների մասին իրազեկումն էր։
Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Խորհրդի անդամներ Գոհար Փարսադանյանը, Հասմիկ Իգիթխանյանը և Արտակ Մարգարյանը, ինչպես նաև «Բիզնեսի Մեկ Պատուհան» հարթակի տնօրեն Հասմիկ Միրզոյանը և սպասարկման մասնագետ Անի Մերթարչյանը։
Քննարկման ընթացքում ներկայացվեցին ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման կարգը։
«2025-ից ուժի մեջ են մտել մի շարք նոր իրավակարգավորումներ, որոնց տեղեկացված լինելը կարևոր է ոչ միայն հաշվապահների, այլև գործարարների համար: Տնտեսվարող սուբյեկտներն, իրազեկված լինելով արդեն ուժի մեջ մտած փոփոխություններին, կկարողանան համապատասխան որոշումներ կայացնել»,- իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Օրենսդրական փոփոխություններին իրազեկվածության կարևորությանն անդրադարձավ նաև Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների թիմի ղեկավար Արմինե Թումանյանը` նշելով, որ գործարարների արձագանքից ակնհայտ էր, թե որքան արդիական ու հետաքրքիր էին ներկայացված թեմաներն իրենց համար։
Ակբա Բիզնես ակումբի հետ համագործակցության հուշագրի շրջանակներում, բացի նմանատիպ հանդիպումներից, Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան յուրաքանչյուր շաբաթ ակումբի գործարարներին է ուղարկում օրենսդրական փոփոխությունների և նախագծերի իրազեկման ամփոփաթերթ, որը մշակվում է Ասոցիացիայի «Օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում» (ՕՓԱԳ) սեմինարների ընթացքում։
Ասոցիացիայի մասնակցությամբ հանդիպումները կունենան շարունակական բնույթ, քանի որ գործարարների և մասնագետների միջև ձևավորված փոխգործակցությունը նպաստում է միասնական աշխատանքային հարթակի ստեղծմանը, որտեղ քննարկվող թեմաներն ու առաջարկները ունեն կարևոր նշանակություն գործարար միջավայրի առավել արդյունավետ և կայուն զարգացման համար: