2025 թվականի սեպտեմբերի 25-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ 2025-2026թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի մրցույթում հաղթած ուսանողներին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը
26.09.2025

Սեպտեմբերի 25-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ 2025-2026թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի մրցույթում հաղթած ուսանողներին «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Միհրան Թադևոսյանը, Սիրանուշ Ներսիսյանը, Գոհար Փարսադանյանը, Անի Բադիկյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրենի տեղակալ Լուսինե Գասպարյանը, «Լիդերս Քոմփընի» հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն, Ասոցիացիայի անդամ Լուսինե Նալբանդյանը, «Պրոֆմաքս Սըլուշընս» հաշվապահական ընկերության տնօրեն, Ասոցիացիայի անդամ Հասմիկ Հակոբյանը, քոլեջների դասախոսներ, նախորդ մրցույթներում հաղթած ուսանողներ, ուսանողների ծնողներ, լրագրողներ և այլ հյուրեր։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին և շնորհավորեց ուսանողներին, ինչպես նաև ընդգծեց կրթության դերն ու կարևորությունը արդի մրցունակ աշխատաշուկայում` հիշեցնելով Ասոցիացիայի հիմնադիր Վահագն Համբարձումյանի կարգախոսը. «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ` կրթoջախները»։
Այնուհետև շնորհավորական ուղերձներով հանդես եկան ՀՊՏՀ «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրենի տեղակալ Լուսինե Գասպարյանը, իսկ հաշվապահական գրասենյակների տնօրեններ Լուսինե Նալբանդյանը և Հասմիկ Հակոբյանը, որպես գործատու, շնորհակալություն հայտնեցին ծրագրի իրականացման և խելացի ու նպատակասլաց աշխատակիցներ իրենց տրամադրելու համար, երախտիքի խոսքերով հանդես եկան նաև կրթաթոշակակիր ուսանողները, ինչպես նաև իրենց փորձով կիսվեցին նախորդ մրցույթներում հաղթած ուսանողները։
Միջոցառման ավարտին մրցույթում հաղթած «Հաշվապահական հաշվառում» և «Ֆինանսներ» մասնագիտություններով 3-րդ կուրսի 9 ուսանողների (7-ը ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի, 2-ը` Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողներ) հանդիսավոր կերպով հանձնվեցին անվանական կրթաթոշակի հավաստագրերը և մոտիվացնող գրքեր։
«Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի մրցույթը կրում է շարունակական բնույթ` նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների առաջադիմությունն ու մշտապես կրթվելու ձգտումը։