Ասոցիացիան՝ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հասարակական խորհրդի նիստի մասնակից
Կիսվել սոց․ ցանցերում
24.11.2026

Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը՝ «Քրեական վարույթների շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխավորմանն առնչվող գործնական խնդիրներ» թեմայով, որին մասնակցեց նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը։
Նիստի ընթացքում քննարկման առանցքում քրեական վարույթների շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների սահմանափակման իրավաչափության ապահովմանն առնչվող գործնական խնդիրներն էին։ Անդրադարձ կատարվեց պետության լիազորությունների իրականացման ընթացքում իրավաչափության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքների պահպանման, ինչպես նաև հանրային շահի և տնտեսվարող սուբյեկտների իրավունքների ու օրինական շահերի միջև պատշաճ հավասարակշռության ապահովման հարցերին։
Զեկույցով հանդես եկավ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էլլադա Հակոբյանը։ Քննարկմանը մասնակցեցին նաև ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները։
Քննարկման ընթացքում Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ներկայացրեց Ասոցիացիայի անդամ հաշվապահական կազմակերպությունների կողմից գործարարներին հաշվապահական և հարկային հաշվառման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման ընթացքում առնչվող՝ քրեական վարույթների շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, դրանց սահմանափակման իրավաչափության ապահովման և իրավակիրառ պրակտիկայում առաջացող գործնական խնդիրները։
Ասոցիացիան կարևորում է նմանատիպ մասնագիտական և միջգերատեսչական քննարկումներին մասնակցությունը՝ որպես տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները բարձրաձայնելու, գործարար համայնքի շահերն ու կարիքները ներկայացնելու և դրանց համակարգային լուծմանն ուղղված համագործակցության զարգացման կարևոր հարթակ։
Կիսվել սոց․ ցանցերում
