Հանդիպում Շիրակի մարզի կրթական հաստատությունների ուսանողների հետ

02.10.2026

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի Խորհրդի անդամ Միհրան Թադևոսյանը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամ կազմակերպությունների՝ «Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի տնօրեն Ասյա Գալստյանը և «Էքսպրես Պլյուս Ըքաունթինգ» հաշվապահական կենտրոնի տնօրեն Ալյոնա Մովսիսյանը հանդիպումներ ունեցան ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի և Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսանողների հետ։
Հանդիպումներին մասնակցեցին ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի «Հումանիտար առարկաներ և տնտեսագիտություն» ամբիոնի վարիչ Անահիտ Աբրահամյանը, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի պաշտոնակատար Անահիտ Վալեսյանը, Տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հրաչ Խաչատրյանը, ինչպես նաև ուսումնական հաստատությունների այլ ներկայացուցիչներ։
Հանդիպումների ընթացքում Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ուսանողներին ներկայացրեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան, վերջինիս առաքելությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու հնարավորությունները՝ կարևորելով մասնագիտական կրթության և շարունակական զարգացման դերը։ Ներկայացվեց նաև Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի ծրագիրը, դրան դիմելու կարգն ու պայմանները, ինչպես նաև կրթաթոշակ ստանալու և մասնագիտական զարգացման հետագա հնարավորությունները։
Հանդիպումներին մասնակցեց նաև Ասոցիացիայի խորհրդատուի օգնական, 2026–2027 ուսումնական տարվա անվանական կրթաթոշակի հաղթող և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանող Սուսաննա Մխիթարյանը։ Նա ուսանողների հետ կիսվեց իր փորձառությամբ՝ ներկայացնելով կրթաթոշակի ծրագրի շրջանակում իր անցած ճանապարհն ու ընձեռված հնարավորությունները։
Շնորհակալություն ենք հայտնում Շիրակի մարզի կրթական հաստատությունների ներկայացուցիչներին համագործակցության, պատրաստակամության և ջերմ ընդունելության համար։

Կիսվել սոց․ ցանցերում