Գործատուին հասարակական աշխատանքի դիմաց աշխատավարձի փոխհատուցում (2025թ․ N 825-Լ ԿՈ)

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

«Պետական նպաստների մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման համակարգով սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձինք, որոնք Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի աջակցությամբ ընդգրկված չեն զբաղվածության պետական այլ ծրագրերում։
Շահառուն պետք է գրանցված լինի e-work.am հարթակում և հարթակի միջոցով ներկայացնի ծրագրին մասնակցելու դիմում՝ նշելով, թե որ ոլորտում իրականացվելիք աշխատանքներում է նախընտրում ներգրավվել։
Ծրագրին մասնակցելու ցանկության դեպքում գործատուն հարթակում լրացնելու է վարձատրվող հասարակական աշխատանքների իրականացման ծրագրային առաջարկություն։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Գործատուի ծրագրային առաջարկը հաստատվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը գործատուի հետ կնքում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման պայմանագիր, ապա շահառուների  հետ կնքում է նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր։ Ծրագրի շրջանակներում ընդգրկված յուրաքանչյուր անձին վճարելու համար գործատուին մեկ մարդ/օր աշխատանքային ծավալի համար տրամադրվում է գումար 7000 դրամի չափով՝ ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը։
Ծրագրի տևողությունը մինչև 12 ամիս է և այն գործում է մինչև 2026 թվականի հունիսի 1-ը կնքված պայմանագրերի համար։

https://www.arlis.am/hy/acts/222994

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Ծրագրի իմաստով վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտներն են՝

 1) քաղաքաշինություն և ենթակառուցվածքների պահպանում, այդ թվում՝ սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների (դպրոց, մանկապարտեզ, բժշկական հաստատություն, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն, մշակույթի տուն) վերանորոգման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խճուղիների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, այդ թվում՝ սանիտարական մաքրման աշխատանքները.

2) սոցիալական և համայնքային ծառայություններ, այդ թվում՝ միայնակ տարեցներին և խնամքի կարիք ունեցող այլ անձանց մասնագիտություն չպահանջող ծառայությունների (խնամքի և սպասարկման) մատուցումը.

3) գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի, գյուղական բնակավայրերում մշակաբույսերի աճեցման և ոռոգման հետ կապված, անտառների և կանաչապատ տարածքների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման աշխատանքները.

4) մշակույթ և զբոսաշրջություն, այդ թվում՝ հուշարձանների, թանգարանների, եկեղեցիների հարակից տարածքների բարեկարգման, քայլարշավային արահետների կառուցման և բարեկարգման, այդ թվում՝ սանիտարական մաքրման աշխատանքները.

5) կրթություն, այդ թվում՝ ուսուցիչների օգնականների, ուսումնական հաստատություններում տեխնիկական, մասնագիտություն չպահանջող աշխատանքները։