Գյուղատնտեսական կոոպերատիվների համար գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորման ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու է համարվում «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» օրենքի շրջանակում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվը, որը՝
1) չունի լուծարման գործընթացում գտնվելու կամ գործունեությունը (գոյությունը) դադարեցված լինելու կարգավիճակ.
2) լիզինգի պայմանագրի կնքման օրվա դրությամբ ունի առնվազն մեկ տարվա գործունեության պատմություն.
3) ունի վարկային զեկույց, համաձայն որի, ըստ ԱՔՌԱ տեղեկատվության, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամսվա ընթացքում չի ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ կամ չունի ձևավորված վարկային պատմություն.
4) ՀՀ ՊԵԿ դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրվա ընթացքում չի կայացվել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում կամ դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ.
5) վերջին մեկ տարվա գործունեության ընթացքում ունեցել է ֆինանսական կայունության ցուցանիշ.
6) ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի համար ներգրավվող փոխառու միջոցների մասնաբաժինը չի գերազանցում կոոպերատիվի գույքի արժեքի 50 տոկոսը՝ ըստ վերջին տարեկան ֆինանսական հաշվետվության.
7) ֆինանսական կառույցին է ներկայացրել գործարար ծրագիր՝ ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման վերաբերյալ՝ առնվազն 5 տարվա կտրվածքով, որը դրական եզրակացություն է ստացել ֆինանսական կառույցի կողմից։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Շահառուի կողմից ծրագրի շրջանակում ձեռք բերվող գյուղատնտեսական տեխնիկայի համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի 20 տոկոս կանխավճարի 30 տոկոսը սուբսիդավորվում է։ Յուրաքանչյուր շահառուի համար գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար անհրաժեշտ լիզինգի առարկայի արժեքի նշված կանխավճարի սուբսիդավորման հանրագումարը չի կարող գերազանցել 2.5 մլն դրամը, իսկ գերազանցող մասի վճարման պարտավորությունը կրում է շահառուն։ Շահառուին լիզինգը տրամադրվում է ծրագրով սահմանված պայմաններին և ընթացակարգին համապատասխան, իսկ լիզինգի առարկայի արժեքի կանխավճարի մասնակի սուբսիդավորումը իրականացվելու է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը ֆինանսական կառույցների հետ լիզինգի տրամադրման պայմանագիր կնքած շահառուների համար։

https://www.arlis.am/hy/acts/214304

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Լիզինգի առարկայի հանձնման ընդունման ակտի ստորագրման օրվանից հաշված 5 տարի շահառուն չպետք է օտարի լիզինգի առարկան։