Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ծրագրի շահառու է համարվում պետական ռեգիստրում գրանցված և ՀՀ-ում փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը (բացառությամբ դիմում-հայտը ներկայացնելու կամ նախորդող օրացուցային տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների), որը՝
ա. դիմում-հայտի ներկայացման տարվա և նախորդող տարվա ընթացքում, իսկ տվյալ տարվա ընթացքում գրանցված (հաշվառված) լինելու դեպքում՝ միայն տվյալ տարվա ընթացքում, հանդիսանում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացրած հարկ վճարող, ինչպես նաև ընթացիկ տարում պետական գրանցում (հաշվառում) ստացած կամ գործունեությունը վերսկսած տնտեսավարող,
բ. ծրագրով սահմանված դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում իր նկատմամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում, և հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ,
գ․ չի գտնվում սնանկության, լուծարման գործընթացում,
դ․ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող և ընթացիկ տարվա, իսկ տվյալ տարվա ընթացքում գրանցված (հաշվառված) լինելու դեպքում՝ միայն տվյալ տարվա, ավարտված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ և շրջանառության հարկի հաշվարկներով գործունեության առնվազն 80%-ը ձևավորել և իրականացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» «A (ԷՅ)» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում), 01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում), 01.4 (Անասնաբուծություն) և 03.2 (Ձկնաբուծություն) խմբերում, «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում ներառված գործունեություն (բացառությամբ՝ 18 և 33 դասերում ներառված գործունեության):

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի նպատակն է նպաստել գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի արտադրության խթանմանը, արտադրության կառավարման համակարգերի բարելավմանը՝ մասնակի փոխհատուցելով սերտիֆիկացման հետ կապված գործընթացների իրականացման համար կատարված ծախսերը, եթե շահառուն ստանում է ծրագրով նախատեսված սերտիֆիկատը։ Ծրագրով նախատեսված սերտիֆիկացման ծախսերը մասնակի փոխհատուցվում են հետևյալ չափերով՝
1) ISO 9001 և ISO 14001 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 000 000 (մեկ միլիոն) դրամ.
2) ISO 22000 և FSSC 22000 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ.
3) «Global G.A.P.», «Հալալ», «օրգանական» և «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ.
4) «BSCI» «Business Social Compliance Initiative», «Social Accountability 8000»՝ «SA8000», «WRAP», «SEDEX», OEKO-TEX Standard 100, GOTS (Global Organic Textile Standard), BCI (Better Cotton Initiative), Fairtrade International-ի կողմից տրվող տեքստիլ արտադրանքի ողջ արտադրական գործընթացի՝արտադրանքի համապատասխանությունը հավաստող, EU Ecolabel սերտիֆիկատ, Cradle to Cradle (C2C) սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ։

https://www.arlis.am/hy/acts/207959

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Սահմանափակումներ չկան։