ՀՀ Առողջապահության նախարարի հետ քննարկվեցին ապահովագրության նոր համակարգի ներդրման մանրամասները

05.12.2025

Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նիստերի դահլիճում, ՀՀ Առողջապահության նախարարի գլխավորությամբ, տեղի ունեցավ քննարկում «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրմանն ընդառաջ` գործատուների, մասնագիտական համայնքի և շահագրգիռ կողմերի հետ նախագիծը մանրամասն ներկայացնելու և քննարկելու նպատակով։
Քննարկմանը մասնակցում էին նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Խորհրդի անդամներ Գոհար Փասադանյանը, Հասմիկ Իգիթխանյանը, Ասոցիացիայի անդամ հաշվապահական գրասենյակների տնօրեններ և Ասոցիացիայի այլ անդամներ, ովքեր անդրադարձան մի շարք կարևոր հարցերի, որոնք վերաբերում էին ապահովագրավճարի հաշվարկման մեխանիզմներին, դրա գոյացման սկզբունքներին, սոցիալական տարբեր խմբերի սուբսիդավորման հնարավորություններին, նոր համակարգի հնարավոր ազդեցությանը գործարար միջավայրի վրա։
Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկմանը ներկա պետական ու մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները հարցուպատասխանի միջոցով փորձեցին պարզաբանել առողջության համընդհանուր ապահովագրությանն առնչվող թե՛ ֆինանսական, թե՛ իրավական բազմաթիվ հարցեր:
Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության տնօրեն Սամվել Խարազյանը, ՀՀ ֆինանսների նախարարության Եկա­մուտ­ների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը և ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ Մարիամ Մանուկյանը:

Կիսվել սոց․ ցանցերում