2017 թվականի հուլիսի 27-ին տեղի ունեցավ www.petekamutner.am կայքէջի շնորհանդեսը
27.07.2017

2017թ. հուլիսի 27-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքում ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի գլխավորությամբ տեղի ունեցավ հարկային և մաքսային ծառայությունների միասնական կայքէջի (www.petekamutner.am) շնորհանդեսը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:
Կայքում առանձնացված է «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինը, որտեղ հնարավոր է իրականացնել բոլոր այն գործարքները, որոնք կոմիտեն էլեկտրոնային է դարձրել՝ արդիական գործելաոճ առաջարկելով բիզնեսին: Տեղեկատվությունը տարանջատված է ըստ թիրախային խմբերի. անհատ ձեռներեցը, ներկրողը, արտահանողը կամ զբոսաշրջիկը շատ արագ կարող են գտնել իրենց հարցերի պատասխանները: Նոր ձևավորմամբ հարկային օրացույցը հարկ վճարողին հուշում է՝ երբ և ինչ հարկատեսակ վճարել: Իսկ ներքին և ԵՏՄ տարանցման փնտրման համակարգերը ցույց են տալիս, թե ապրանք ներկրող բեռնատարը մաքսային սահմանը երբ է հատել և ուր է ուղևորվում: Կայքի միջոցով հնարավոր է ստուգել ՀԴՄ կտրոնի, դրոշմապիտակի վավերականությունը, ստանալ ներմուծողի, արտադրողի կամ ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն. այսինքն՝ ՊԵԿ-ը սպառողին տրամադրում է հսկողական գործիքակազմը՝ հանրային հսկման հնարավորություն ստեղծելով:
ՊԵԿ-հարկ վճարող առցանց շփումը խրախուսելու նպատակով գործարկված միասնական հարթակը միտված է գործարարի հարմարավետությանը և կոմիտեի հետ շփման նվազեցմանը: «Mobile» տարբերակի շնորհիվ կայք կարելի է մուտք գործել նաև բոլոր տեսակի սմարթֆոններից: