2017 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում կայացավ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը
16.06.2017

2017 թվականի հունիսի 16-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում կայացավ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը: Նիստին ներկայացվեց հարկային և մաքսային բարեփոխումների երկրորդ փուլի միջոցառումների ծրագիրը:
Քննարկվել են օրինապահ հարկ վճարողների տնտեսական խթանների ընդլայնման, էլեկտրոնային կառավարման համակարգում սուբյեկտների շրջանառության հարկի հաշվարկման ինքնաշխատ համակարգի ներդրման, վարչական պատասխանատվության ինստիտուտի վերանայման հարցերը: Ակտիվ քննարկումներ են ծավալվել նաև ՀԴՄ շահագործման կանոնների խախտման դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցների չափերի բարձրացման շուրջ: Մասնավորապես, առաջարկվել է կամայական դրսևորումների բացառման նպատակով ներդնել հսկիչ գնումների գործընթացի տեսանկարահանման մեխանիզմ:
Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում նախատեսվում է գործարկել «ստվերի անձնագիրը», ԵԱՏՄ երկրներից ներմուծումների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու նպատակով կիրառել «հարկային պահեստ» ընթացակարգը: Մաքսային սահմանով ապրանքների տեղաշարժն ավելի դյուրին դարձնելու նպատակով էլ առաջարկվում է մյուս ուղիներին զուգահեռ կիրառել չորրորդ՝ «կապույտ ուղի» ընթացակարգը: Կոմիտեի ղեկավարը կարևորել է խորհրդի ակտիվ մասնակցությունը բարեփոխումների գործընթացին և ընդգծել, որ այս փուլում ևս համատեղ ջանքերով պետք է հասնել էական արդյունքի: Իրենց հերթին դրական գնահատելով առաջին փուլի արդյունքները, հասարակական կառույցների ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ երկրորդ փուլից նույնպես էական սպասումներ ունեն: