2025 թվականի սեպտեմբերի 23-ին Պետական եկամուտների կոմիտեում տեղի ունեցավ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը

23.09.2025

Սեպտեմբերի 23-ին Պետական եկամուտների կոմիտեում նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի Խորհրդի անդամ Գոհար Փարսադանյանը։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահն ընդգծել է հարթակի ակտիվ գործունեության կարևորությունը` վստահություն հայտնելով, որ քննարկվող հարցերը հնարավորություն են տալիս ապահովել ավելի արդյունավետ վարչարարություն, ընդունել ավելի մասնագիտական, փաստահեն և ներառական որոշումներ՝ հաշվի առնելով ինչպես մասնագետների, այնպես էլ հարկ վճարողների տեսակետները։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են հարկային օրենսդրական վերջին փոփոխություններին։ Քննարկվել են փաստաթղթավորման գործընթացում՝ գործնականում ի հայտ եկած խնդիրները (մասնավորապես, ՀԴՄ կտրոնի տրամադրման, հաշվարկային փաստաթղթերի կազմման և դուրսգրման, ինչպես նաև դրանց՝ որպես ուղեկցող փաստաթուղթ դիտարկվելու կարգավորումները)։
Անդրադարձ է կատարվել նաև նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումներին։ Քննարկվել են դրանց գործնական կիրառման ընթացքում առաջացած խնդիրները։ Նույնականացման միջոցներով դրոշմավորման գործընթացը լավարկելու նպատակով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկ ամսվա ընթացքում ներկայացնել մտահոգիչ հարցերն ու առաջարկները, որոնց լուծման հնարավոր տարբերակները կքննարկվեն խորհրդի հաջորդ նիստերում։
Հանդիպումն ընթացել է հարցուպատասխան ձևաչափով, ակտիվ քննարկումներով։

Կիսվել սոց․ ցանցերում