Հանդիպում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ
19.09.2025
Սեպտեմբերի 18-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի Խորհրդի անդամ Հարություն Գուլյանը, «Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի (ք.Գյումրի) տնօրեն, Ասոցիացիայի անդամ Ասյա Գալստյանը և այլ անդամներ հյուրընկալվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։
Մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանի և անձնակազմի ջերմ ընդունելությունից հետո Ասոցիացիայի նախագահը ուսանողներին ներկայացրեց Ասոցիացիայի առաքելությունը, տեսլականը, նպատակները, կորպորատիվ մշակույթի հիմնական տարրերը և կադրային քաղաքականությունը` կարևորելով կրթության դերը արդի մրցունակ շուկայում, այնուհետև ներկայացրեց կրթաթոշակին դիմելու կարգն ու պայմանները։
Ասոցիացիայի և համալսարանի միջև համագործակցության հուշագրի շրջանակում կողմերը բարձր առաջադիմությամբ ուսանողներին Ասոցիացիայի անվանական կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերեցին` հնարավորություն ընձեռելով «Հաշվապահական հաշվառում» և «Ֆինանսներ» մասնագիտություններով սովորող 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողներին։
Այնուհետև «Գլոբալֆին» հաշվապահական գրասենյակի տնօրեն Ասյա Գալստյանը ներկայացրեց Ասոցիացիային անդամակցելու առավելությունները, իսկ ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի 2024-2025թթ. ուսումնական տարվա մրցույթում հաղթած ուսանողներ և արդեն Ասոցիացիայի անդամներ Նարե Թամրազյանը և Մանե Անդրեասյանը ներկայացրին ուսանողներին ընձեռվող մասնագիտական աճի հնարավորությունները։
Քննարկումը հագեցած էր ակտիվ հարց ու պատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
Հանդիպման ավարտին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության մեջ իրենց ուսանողներին ներգրավելու և ուսման հանդեպ մոտիվացիայի բարձրացման համար, ինչպես նաև հյուրերի համար կազմակերպեց ճանաչողական փոքրիկ շրջայց համալսարանի տարածքով։
Շնորհակալություն ենք հայտնում ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրինությանը համագործակցության, վստահության և ջերմ հյուրընկալության համար։