Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անդամների հանդիպումը «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ուսանողների հետ

17.09.2026

Սեպտեմբերի 17-ին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի անդամ Շուշանիկ Շուշանյանը, «Պրոֆհաշ Խորհրդատվական Կենտրոն» հաշվապահական ընկերության տնօրեն Մարինե Տոնոյանը և նույն ընկերության աշխատակից, «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի շրջանավարտ Հռիփսիմե Սիմոնյանը հանդիպում ունեցան քոլեջի ուսանողների հետ։
Ներկաներին ողջունեց քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ռոզա Հարությունյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև քոլեջի դասախոսներ և աշխատակազմի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը ուսանողներին ներկայացրեց Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան, դրա առաքելությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու հնարավորությունները՝ կարևորելով մասնագիտական կրթության և շարունակական զարգացման դերը։

Ասոցիացիայի և քոլեջի միջև 2024 թվականի ապրիլի 4-ին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Հերմինե Թովմասյանը ներկայացրեց 2027–2028 ուսումնական տարվա համար բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար նախատեսված Ասոցիացիայի անվանական կրթաթոշակի ծրագիրը, ինչպես նաև դրան դիմելու կարգն ու պայմանները։ Կրթաթոշակ ստացող ուսանողները հետագայում հնարավորություն կունենան աշխատանքի անցնել Ասոցիացիայում կամ Ասոցիացիայի անդամ կազմակերպություններում՝ շարունակելով իրենց մասնագիտական զարգացումը։
Հռիփսիմե Սիմոնյանը ուսանողների հետ կիսվեց իր փորձով՝ ներկայացնելով հուշագրի ստորագրումից հետո քոլեջի ուսանողների համար ստեղծված հնարավորությունները, այդ թվում՝ Ասոցիացիայի անդամ հաշվապահական գրասենյակներում արտադրական պրակտիկա անցնելու հնարավորությունը։
Քննարկումը հագեցած էր ակտիվ հարցուպատասխանով, որի ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերն ու ստացան պատասխաններ։
Շնորհակալություն ենք հայտնում քոլեջի տնօրինությանը համագործակցության, վստահության և հյուրընկալության համար։

Կիսվել սոց․ ցանցերում