Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2026 թվականների ծրագիր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ

Ֆիզիկական և իրավաբանական անձինք, համայնքները (համայնքները միայն սուբվենցիոն ծրագրի շրջանակում չներառված ջրավազանների կառուցման կամ ընդլայնման դեպքում) և անհատ ձեռնարկատերերը:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես նաև ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության միջոցով խթանել ժամանակակից, բարձր բերքատվությամբ այգիների հիմնումը, խթանել ոչ ավանդական բարձր արժեք ապահովող մշակաբույսերի արտադրությունը, նվազեցնել կարկտահարության և այլ բնակլիմայական գործոններով պայմանավորված ռիսկերը։ Ծրագիրն իրականացվում է երկու բաղադրիչով՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման և ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021-2026 թվականներին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Ծրագրի շրջանակում 0.5 և ավելի հա ոռոգման արդիական համակարգերի ձեռքբերման և ներդրման կամ 1000-ից մինչև 100 հազար խորանարդ մետր ծավալով ջրավազանների կառուցման կամ ընդլայնման համար յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 50%-ը, իսկ միայն ոռոգման արդիական համակարգերի համար գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում կփոխհատուցվի փաստացի կատարված ծախսերի 60%-ը։

https://www.arlis.am/hy/acts/218868

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Արդեն ծրագրի շահառու հանդիսացող իրավաբանական անձի հիմնադիր, համահիմնադիր հանդիսացող անձը չի կարող ծրագրի շահառու հանդիսանալ որպես ֆիզիկական անձ կամ այլ իրավաբանական անձի հիմնադիր, համահիմնադիր, ինչպես նաև ծրագրի շահառու ֆիզիկական անձը չի կարող ծրագրի շահառու հանդիսանալ որպես իր անունով անհատ ձեռնարկատեր կամ ծրագրի շահառու անհատ ձեռնարկատերը՝ որպես ֆիզիկական անձ, եթե գերազանցվում է ծրագրով սահմանված տարածքների հանրագումարի չափը։ Յուրաքանչյուր շահառու նույն հողամասի վրա նույն աշխատանքներն իրականացնելու նպատակով կարող է օգտվել պետական օժանդակության միայն մեկ բաղադրիչից։ Ծրագրի շրջանակում նույն հողամասի վրա նույն աշխատանքների իրականացման համար շահառուները չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության այլ ծրագրերից։