Գյուղատնտեսություն
Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, որն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 12 %-ը։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 97 %-ն ապահովում են շուրջ 317 հազար գյուղացիական տնտեսություններ, որոնցից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 1.48 հա հողատարածք։ Հայաստանի Հանրապետության զբաղվածների 24․3 %-ն ընդգրկված է գյուղատնտեսության ոլորտում։ Ագրարային քաղաքականության ուղենշային փաստաթղթերից է 2019 թվականի դեկտեմբերի 19֊ի կառավարության N 1886-Լ որոշմամբ հաստատված ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը, որի առաջիկա տասը տարիների տեսլականն է ունենալ կայուն զարգացող, նորարարական, բարձր արժեք ստեղծող, բնական պաշարների նկատմամբ հոգատար և շրջակա միջավայրի հետ ներդաշնակ, էկոլոգիապես մաքուր արտադրանք ստեղծող և գյուղում բնակվող մարդու բարեկեցությունը երաշխավորող գյուղատնտեսություն։